ԱԺ-ն քննարկում է նախագիծ, ըստ որի՝ հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն

11:27 • 11.04.18

ԱԺ-ում քննարկման է  ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որի նպատակն է կանոնակարգել հասարակական կյանքը, սահմանել այն ծառայությունների տեսակը, որոնք սահմանափակման ենթակա են: Ըստ նրա` դրանցից որոշների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջ կդրվի:

Տիգրան Խաչատրյանը թվարկեց  հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների գործունեության տեսակները, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ», «սաունա», բաղնիք և շոգեբաղնիք:

Ըստ նրա՝  այս օբյեկտների տեղակայումը կարգելվի բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև  կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Միաժամանակ, ըստ նրա` նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: