ԱՄՆ-ն օդ է բարձրացրել «Դատաստանի օրվա ինքնաթիռը». CivMilAir (լուսանկար)

17:42 • 11.04.18

Միացյալ Նահանգներն օդ է բարձրացրել E-4B Nightwatch ինքնաթիռը, որը հայտնի է որպես «Դատաստանի օրվա ինքնաթիռ» (Doomsday plane), գրում է ria.ru-ն՝ CivMilAir մոնիթորինգային ռեսուրսին հղումով:

Հրապարակված կադրում երևում է, որ օդանավը գտնվում է Ինդիանա նահանգի օդային տարածքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ E-4B-ն «Դատաստանի օրվա ինքնաթիռ» են անվանում, քանի որ այն միջուկային կոնֆլիկտի պայմաններում կարելի է որպես հրամանատարական կետ օգտագործել, եթե կառավարման ցամաքային օբյեկտները ոչնչացված կամ վնասված են:

Ինքնաթիռը պաշտպանված է միջուկային պայթյունի ազդեցությունից ու բավականաչափ վառելիքի դեպքում կարող է մեկ շաբաթ օդում գտնվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: Այս կերպ ԱՄՆ ղեկավարն արձագանքել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:


«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել է Թրամփը:


Այս հայտարարությունից րոպեներ անց նա նոր գրառում է արել իր թվիթերյան էջում: 

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ երբևէ եղածից՝ այդ թվում նաև «սառը պատերազմից» ի վեր ամենավատ վիճակում են: Բայց դրա համար պատճառ չկա: Ռուսաստանը մեր օգնության կարիքն ունի` հատկապես տնտեսության հարցում: Դա շատ հեշտ կարվի, եթե բոլոր ազգերը համագործակցեն: Վերջ տա՞նք սպառազինության մրցավազքին»,-գրել է Թրամփը: