«Քուրդ զինյալներին Թուրքիայի դեմ չենք օգտագործելու». Իրաքի վարչապետը կոչ է արել ՔԱԿ գրոհայիններին վայր դնել զենքը

13:33 • 11.04.18

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին կոչ է արել երկրի հյուսիսում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներին վայր դնել զենքը, այս մասին գրում է քրդական Rudaw գործակալությունը:

Աբադին շեշտել է, որ երկրի տարածքում զինված միակ ուժը պետք է լինի երկրի բանակը:

«Զենքը պետք է լինի միմիայն պետության ձեռքում: Առանց Իրաքի իշխանությունների թույլտվության զենք կրող խմբավորումներին շատ հստակ հայտնել ենք մեր ուղերձը»,- ասել է Աբադին:

Նա նաև շեշտել է, որ իրենք չեն պատրաստվում ՔԱԿ-ին օգտագործել Թուրքիայի դեմ և որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումն Իրաքի օգտին չէ:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: