Կրեմլը մեկնաբանել է Թրամփի՝ Սիրիայի ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին հայտարարությունը

21:45 • 11.04.18

Մոսկվան չի աջակցում Twitter-յան դիվանագիտությանն ու խորհուրդ չի տալիս ամերիկյան իշխանություններին խորացնել Սիրիայում տիրող իրավիճակը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք լուրջ մոտեցումների աջակիցներ ենք: Նախկինի պես կարծում ենք, որ կարևոր է այնպիսի քայլեր չանել, որոնք կարող են վնաս հասցնել առանց այն էլ փխրուն իրավիճակին», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին թվիթերյան հայտարարությունների մասին հարցին:

ՌԴ նախագահի մամլո քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն փորձում է «մտացածին պատրվակն» օգտագործել Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու համար:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թրամփը սոցցանցում գրառում էր կատարել՝ կոչ անելով Ռուսաստանին պատրաստվել ամերիկյան հրթիռների արձակմանը Սիրիայի ուղղությամբ:

ԱՄՆ նախագահի այս գրառումը հետևել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները կխոցվեն: