ԱԺ–ը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

10:26 • 11.04.18

ԱԺ-ն վավերացրեց Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 95 կողմ քվեարկությամբ:

Նշենք, որ հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը ԱԺ-ում ներկայացնելով համաձայնագիրը, նշել էր, որ համաձայնագիրն արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները:

Ըստ Նազարյանի՝ համաձայնագրի կառուցվածքը, քաղաքական հարցերը փաստաթղթի նախաբանում են, որոնք վերաբերում է  քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, հավասար գործընկերության վրա հիմնված կանոնավոր համագործակցության խթանմանը:

Անդրադարձ է կատարվում միջազգային անվտանգության հարցերին:«Առանձնահատուկ անդրադարձ կա ԼՂՀ խաղաղ ու համապարփակ կարգավորման հարցին: Կարևոր է, որ համաձայնագիրը հաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես ուժի սկզբունքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա»,-նշել էր նա:  

Նազարյանը նշել էր, որ համաձայնագրում խոսվում է ԵՄ ընդհանուր սկզբունքների մասին: Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական հարաբերությունների կայուն հաստատման սկզբունքը:


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Օրակարգի քննարկվող հարցերից է նաև «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, ինչպես նաև «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն այսօր սպասվում է նաև Կառավարության հետ հարցուպատասխան: