ՍԱՊԾ-ն պետք է ներկայացնի, թե որտեղից են առաջացել խնդիրները, ինչ քայլեր են արել դրանք վերացնելու համար. Բ. Պիպոյանը` ՎՊ-ի բացահայտումների մասին

14:45 • 11.04.18

Տարիներ շարունակ անդրադառնալով սննդամթերքի անվտանգության առկա վիճակին, պետական վերահսկողությանը, բազմիցս բացահայտվել են խնդիրներ, որոնք, ըստ էության, ի գիտություն չեն ընդունվել։


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝  անդրադառնալով՝ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում բացահայտած չարաշահումներին։


Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ըստ հասարակական ընկալման` խնդիրներն այնքան էլ խորը չեն, ինչպես ներկայացնում են ՀԿ-ները, իսկ պետական վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների վերաբերյալ հասարակական ընկալումն այլ է:

Նրա խոսքով՝ բոլոր խախտումներին, չարաշահումներին չի կարելի նույն գնահատականը տալ: «Առ այսօր ՍԱՊԾ-ն չի արձագանքել Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, և մենք չգիտենք, թե գործ ունենք առկա խախտման հետ, թե այս պահին շարունակվող ռիսկի հետ: Հասարակությանը պետք  է տեղեկացվի, թե ինչ քայլեր են նախաձեռնվում, ովքեր են եղել պատասխանատուները, ինչ պատասխանատվություն են կրում, քանի որ մենք համակարգում ունենք գլոբալ խնդիր, երբ պետական պաշտոնյան պատասխանատվության չի ենթարկվում»,-ասաց նա:

ՀԿ նախագահն ասաց, որ եթե արդեն իսկ արձանագրվում է և փաստվում, որ այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն գերատեսչության այս կամ այն օղակը առաջացրել է խնդիր, առնվազն  թեկուզ աշխատանքը չշարունակելու մեխանիզմով պետք է կրի պատասխանատվություն:

«ՍԱՊԾ-ն պետք է ներկայացնի, թե որտեղից են եկել այս խնդիրները, ինչ քայլեր են ձեռնարկվել խնդիրները վերացնելու համար, քանի որ հաշվետվությունն իրենք տեսել են ավելի վաղ: Եթե պատասխանատուն ղեկավարն է` նա պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե ստորաբաժանման ղեկավարն է, ապա նա պետք է կրի պատասխանատվություն»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա ձևակերպմամբ` տարիներ շարունակ եղել է այդ խնդիրը, երբ Վերահսկիչ պալատը որոշ բացահայտումներ է արել, բայց սայլը տեղից չի շարժվել:

Նշենք, որ փորձեցինք կապ հաստատել նաև ՍԱՊԾ-ի հետ, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չեղավ: