Վարշավայում բացվել է Սմոլենսկի ավիաաղետի զոհերին նվիրված հուշարձանը (լուսանկարներ)
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում՝ Պիլսուդսկու հրապարակում, բացվել է Սմոլենսկի ավիաաղետի զոհերին նվիրված հուշարձանը: Այս մասին հայտնում է TVNwarszawa-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ հուշարձանը պատրաստված է սև գրանիտից՝ ինքնաթիռի շարժասանդուղքի տեսքով, որի վրա նշված են աղետի բոլոր զոհերի անունները:
Նշվում է, որ հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են հանրապետության առաջին դեմքերն ու մահացածների հարազատները:
Երկրի նախագահ Անջեյ Դուդան համոզմունք է հայտնել, որ այս հուշարձանը շուտով «սրբավայր կդառնա բոլոր լեհերի համար»:
«Հավատում եմ, որ հուշարձանը կմիավորի մեզ՝ անկախ հայացքներից ու քաղաքական համոզմունքներից», - ասել է նա:
Սմոլենսկի ավիաաղետը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 10-ին: Աղետի հետևանքով մահացել է 88 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Զոհերի թվում են եղել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և նրա կինը, լեհ դիվանագետներ, Լեհաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության համարյա բոլոր անդամները, պետական և կրոնական գործիչներ:



















