ԱԺ նիստերի դահլիճը՝ գունավոր ծխի մեջ. Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն ակցիա իրականացրին (տեսանյութ)
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ելույթի համար ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Պատգամավորը հայտարարեց, թե եկել է պահը վերջ տալու ՀՀԿ իշխանությանը և կերտել «մեր երազանքների Հայաստանը», ապա գունավոր ճայթռուկ վառեց:
Նրան միացավ նաև նույն խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և վառեց ևս երկու ծխացող ճայթռուկ:
Գունավոր ծուխը և հոտը տարածվեց նիստերի դահլիճում:
Ակցիայից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը առաջարկեց ԱԺ նիստի ընդմիջում հայտարարել։
«Ի՞նչ ընդմիջում, պարո՛ն Գորգիսյան, դուք, ձեր խմբակցությունը: Պարզապես թող հանրությունը որոշի՝ ով ինչով է զբաղված պառլամենտում»,-Գորգիսյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետև արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, բայց հիմա ականատես ենք լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը, երկրորդը՝ թունավոր նյութերի շնչելու պարտադրանք է առաջացնում նրանց, ովքեր այստեղ աշխատում են: Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլև բժիշկ, ով չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորների, քաղաքացիների առողջությունը կամ կյանքը վտանգող պայմաններ ստեղծվեն: Պատկերացնում ենք, եթե այստեղ հրդեհ լինի, 700 հոգու կյանքը կվտանգվեր: Ես սա ընդունելի չեմ համարում»,-ասաց Բաբլոյանը:
Շարմազանովը հավելեց. «Կանոնակարգ-օրենքը հնարավորություն է տալիս դիմել համապատասխան քայլերի, սա մսուր-մանկապարտեզ չի, Ազգային ժողով է»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ևս ելույթ ունեցավ, նշելով, թե սա պարտադրված քայլ է և բոլորը պետք է հասկանան։ «Սա ուշադրություն գրավելու տարբերակ է ու դրան պետք է վերաբերվել որպես ըմբոստության քայլ։ Դրա հեգնանքն ու ծաղրանքը տեղին չէ»,-ասաց նա և նշեց, թե վստահ չէ, որ առողջությանը կարող է վտանգել։
«Պարո՛ն Գորգիսյանն էլ հիմա ստիպված թաշկինակ է օգտագործում, որ վնաս չլինի»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը` մատնացույց անելով «Ելք» խմբակցության պատգամավորին, որը այդ պահին թաշկինակը դեմքին էր պահել` պաշտպանվելու հրավառությունից առաջացած ծխից։










