Սիրիայում մոտ 500 մարդ քիմիական նյութերի ազդեցության ախտանշաններով դիմել է բժշկի. ԱՀԿ

15:30 • 11.04.18

Սիրիայի Դումա քաղաքում ապրիլի 7-ից ի վեր մոտ 500 մարդ դիմել է բժշկի՝ թունավոր նյութերի ազդեցության ախտանշաններով: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած մամուլի հաղորդագրությունում, հայտնում է Reuters գործակալությունը:

«Առողջապահության ոլորտում գործընկերների հաղորդագրությունների համաձայն՝ շաբաթ Դումայի ուղղությամբ հարվածներից հետո, գնահատականների համաձայն, մոտ 500 մարդ դիմել է բուժհաստատություններ՝ քիմիական նյութերի ազդեցությունների ախտանշաններով»,- ասված է փաստաթղթում:

Կազմակերպության տեղեկություններով՝ ավելի քան 70 մարդ է զոհվել: Ընդ որում՝ 43 զոհի մոտ եղել են «չափազանց թունավոր քիմիական նյութերի» ազդեցությանը համապատասխանող ախտանշաններ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջել է անհապաղ թույլ տալ մուտք գործել այդ շրջան՝ վիրավորներին օգնություն տրամադրելու և հարձակման հետևանքները գնահատելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանը՝ խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ 

Հայտնի է, որ ռուսական և սիրիական զորքերն ապրիլի 9-ին ուսումնասիրել են ենթադրյալ քիմհարձակման իրականացման տարածքն ու քիմիական որևէ նյութի հետք չեն հայտնաբերել: Ռուսական կողմը պնդում է, որ քիմիական հարձակման մասին լուրերը կեղծ են: