Սիրիացի զինվորականներն իրենց օդուժի մի մասը տեղափոխել են «Հմեյմիմ» ավիաբազա՝ ԱՄՆ-ի հարվածի սպառնալիքի պատճառով. Le Figaro

15:50 • 11.04.18

Սիրիայի ռազմական հրամանատարությունն ԱՄՆ-ի հարվածին պատրաստվելու շրջանակում իր ռազմական օդուժի մի մասը փոխադրել է ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա, ինչպես նաև տարհանել է զինվորականներին իր մի շարք հրամանատարային կետերից: Այդ մասին գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

«Դեռ երկուշաբթի սիրիացիները սկսել են հեռանալ իրենց առավել խոշոր ավիաբազաներից»,- հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետը, որը չի ցանկացել հայտնել իր անունը:

Մասնավորապես՝ Le Figaro-ի տեղեկություններով՝ տարհանվել է Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումեյր քաղաքի ռազմական աերոդրոմի անձնակազմը: Հենց այնտեղ են տեղակայված եղել Արևելյան Ղուտայում հարվածներ հասցնող ինքնաթիռները:

«Հմեյմիմ» ավիաբազա սիրիական օդուժի տեղափոխման մասին տվյալները թերթը ստացել է «ՄԱԿ-ում աղբյուրից»: Հոդվածում նշվում է, որ այդ բազան, հավանաբար, չի դառնա թիրախ Սիրիայի ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեպքում: