«Մենք ոչ ոքի թույլ չենք տա անել մեզ հետ այն, ինչ արեցին Իրաքի ու Լիբիայի հետ». ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին հայտարարել է, որ ահաբեկչությունը, Արևմուտքի սպառնալիքներն ու Սիրիայի հանդեպ վարած քաղաքականությունը որևէ կերպ չեն կարող ազդել Սիրիայի իշխանությունների քաղաքական կողմնորոշման վրա և ստիպել հրաժարվել սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պայքարից: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Ջաֆարին հիշեցրել է, որ Սիրիան ՄԱԿ-ի հիմնադիր երկրներից մեկն է և պետք է պաշտպանի իր իրավունքներն ու ազգային սահմանադրության հանդեպ ունեցած պարտավորությունները:
«Լինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական կամ ոչ մշտական անդամ՝ մենք ոչ ոքի թույլ չենք տա անել մեզ հետ այն, ինչ արեցին Իրաքի ու Լիբիայի հետ», - ասել է սիրիացի պաշտոնյան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ջաֆարին մեղադրել է Թուրքիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Քաթարին՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին քիմիական զենք տրամադրելու համար: Ըստ նրա՝ այս երկրների իշխանությունների նպատակն է տապալել Սիրիայի ինքնիշխանությունը, ու հենց նրանք են Սիրիային ներկա դրության մեջ գցած արյունոտ քաղաքականության հեղինակը:










