Չպետք է անցնել այն ռուբիկոնը, որն ուղիղ առճակատման կտանի, կվերածի իրավիճակը 3-րդ համաշխարհային պատերազմի. Թ. Պողոսյանը՝ Թրամփի գրառման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը՝ Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին, խիստ մտահոգիչ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
Վերջինս միաժամանակ հիշեցրեց, որ Թրամփը տևական ժամանակ առաջ հայտարարել էր Կորեային հարվածելու մասին, բայց մինչ օրս այդ քայլին չի դիմել:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների շնորհիվ շատ ժամանակ մի քանի վայրկյանում տարբեր մեկնաբանություններ են արվում: Թրամփը մեկ ժամում երկու հայտարարություն է արել, որոնք շատ տարբեր են: Մեկում խոսվում է, որ կա հնարավորություն Ռուսաստանի հետ աշխատելու, մյուսում մատ է թափ տալիս ՌԴ վրա: Պետք է թողնել, որ դիվանագիտությունն աշխատի, խնդրահարույց հարցերը դեպի խաղաղ կարգավորման գնան: Չպետք է անցնել այն ռուբիկոնը, որն ուղիղ առճակատման կտանի, կվերածի իրավիճակը համաշխարհային երրորդ պատերազմի»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նշեց, որ Սիրիայում կա հայ համայնք, և եթե Թրամփն իսկապես նման քայլի դիմի, ապա առաջին հերթին կվտանգվի մեր հայրենակիցների կյանքը:
«Երբ կրակեն, հաշվարկելո՞ւ են արդյոք՝ ում խփեն, ում՝ ոչ, որ համայնքների, որ օբյեկտների վրա նշանակետ բռնեն: Հայտնի չէ, թե ի՞նչ պատասխան կհետևի դրան: Անկարելի է պատկերացնել, թե երբ կտրվի դրան պատասխան ու ինչ տեսքով: Կան երկրներ, որոնք պատկերացնում են, թե ինչ է զիջումը, ինչ է փոխզիջումը, բայց երկրներ կան, որոնք վիրավոր գազանի նման հարձակվում են ու դիմացինի հետ խոսում են հարվածներով: Ռուսաստանին ճանաչողները պետք է գիտակցեն, թե ինչ քայլերի է ընդունակ այս երկիրը»,- նշեց գործիչը:
Թևան Պողոսյանը նկատեց, որ ԱՄՆ և ՌԴ միջև ստեղծված լարվածությունը կարծես անձնական շահերի բախման հիմքով է, ոչ թե պետական: «Պետք է գիտակցել, որ գործողություններն ունենում են հետևանքներ»,- նշեց նա:
Պողոսյանը չբացառեց, որ այսպիսով ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին «հորդորել» հեռանալ Սիրիայից: «Դժվար է ասել՝ այսպիսով կվախեցնե՞ն, թե հակառակը: Արդյունքը հակասական կարող է լինել»,- շեշտեց Թևան Պողոսյանը:
Նախկին պատգամավորի խոսքով՝ Հայաստանն իր հերթին պետք է ողջամիտ քաղաքականություն վարի: Հարցին՝ արդյոք ի վերջո այս ամենը չի՞ հանգեցնի նրան, որ Հայաստանի պես փոքր երկրներն ընտրության առաջ կանգնեն բևեռների միջև, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Եթե հնարավորություն ունենային, մեզ վաղուց կկանգնեցնեին ընտրության առաջ: Նրանք բոլորն էլ ցանկացել են, որ Հայաստանը լինի իրենց կողմից, բայց ինչպե՞ս են ստիպելու, զենքո՞վ. մենք մեր սկզբունքներից չենք հրաժարվում: Մենք այնքան խելոք պետք է լինենք, որ չընկնենք այս ծուղակը, մենք մեր շահերով պետք է առաջնորդվենք՝ նրբորեն շրջանցելով ծուղակները, մանևրելով՝ հանուն մեր շահերի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
«Կան բազմաթիվ զոհեր՝ այդ թվում նաև կանայք ու երեխաներ. անիմաստ քիմիական հարձակում Սիրիայում: Տարածքը, որտեղ իրագործվել է բարբարոսությունը, շրջափակման մեջ է սիրիական բանակի կողմից, ինչի հետևանքով այն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են կենդանի Ասադին աջակցելու համար: Սրա համար վճարվելիք գինը շատ բարձր է լինելու: Անհապաղ բացեք տարածքը մարդկանց բուժօգնություն տրամադրելու համար: Հերթական առանց պատճառի մարդասիրական ողբերգությունը: Զզվելի է»,-գրել էր 71-ամյա Թրամփը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Թրամփի՝ Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին Ռուսաստանին ուղղված սպառնալից հայտարարությանը, նշել է, որ Թրամփի հիշատակած ամերիկյան հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների և ոչ թե դրանց դեմ տարիներ շարունակ պայքարող օրինական կառավարության ուղղությամբ:
Ինչպես նշում է ria.ru-ն, Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի «խելացի» հրթիռները, որոնց մասին խոսում է նախագահ Դոնալդ Թրամփը, կարող են ոչնչացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները:
«Խելացի» հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների, այլ ոչ թե սեփական տարածքում տարիներ շարունակ միջազգային ահաբեկչության դեմ պայքարող օրինական կառավարության ուղղությամբ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
«Իսկ Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետներին նախազգուշացվե՞լ է, որ հիմա «խելացի» հրթիռները կվերացնեն քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները: Թե՞ այս ամենը մտածվել է նրա համար, որ «խելացի» հրթիռներով հարվածելու միջոցով արագ կոծկվեն սադրանքի հետքերն, ու ՔԶԱԿ-ի մասնագետները փնտրելու ապացույցներ չունենան»,-հավելել է ԱԳՆ խոսնակը:










