«Գահերի խաղ»-ի ճակատամարտի տեսարանը նկարահանվել է 55 գիշերվա ընթացքում
Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցով ցուցադրվող «Գահերի խաղ» սերիալի ստեղծողներն ավարտել են էպիկական ճակատամարտի նկարահանումները, որոնց վրա ծախսվել է 55 գիշեր:
Ինչպես նշում է metro.co.uk-ը, սերիալի նախորդ մասերում տեղ գտած ճակատամարտերի տեսարաններն այն աստիճան տպավորիչ ու անթերի են եղել, որ նկարահանողները 8-րդ եթերաշրջանի՝ վիշապների մասնակցությամբ գլխավոր պատերազմը պետք է ոչ պակաս ազդեցիկ ու մասշտաբային դարձնեին:
Ռեժիսորի օգնական Ջոնաթան Քուինլանը, որն աշխատել է սերիալի 20 դրվագի վրա, հրապարակել է մի լուսանկար, որում պատերազմի տեսարանի նկարահանումներից հետո շնորհակալություն է հայտնել անձնակազմին:
Քուինլանը պատմել է, որ տեսարանը նկարահանվել է 55 գիշերվա ընթացքում՝ ցրտի, ձյան, անձրևի, քամու պայմաններում, կեղտի ու ցեխի մեջ:
«Երբ տասնյակ միլիոնավոր մարդիկ մեկ տարի հետո դիտեն այս տեսարանը, չեն էլ իմանա, թե ինչ աշխատանք է արվել նման արդյունքի հասնելու համար: Նրանց չի էլ հուզի, թե մենք որքան հոգնած ենք եղել ու որքան ծանր էր 0-ից ցածր օդի ջերմաստիճանի պայմաններում աշխատելը: Նրանք ուղղակի կմտածեն, որ դիտում են մի բան, որը նախկինում դեռ չէր արվել: Եվ այս ամենը ձեր շնորհիվ»,- գրել է Քուինլանը՝ դերասանական կազմին ու նկարահանող թիմին ուղղված գրառման մեջ:
Ավելի ուշ նա ջնջել է Instagram-ում արած գրառումը:
Հայտնի է, որ պատերազմի տեսարանը ցուցադրվելու է 2019թ.:










