«Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն». Թրամփը նախազգուշացրել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու մասին. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

16:15 • 11.04.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:


Այս կերպ ԱՄՆ ղեկավարն արձագանքել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:


«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել է Թրամփը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:


«Կան բազմաթիվ զոհեր՝ այդ թվում նաև կանայք ու երեխաներ. անիմաստ քիմիական հարձակում Սիրիայում: Տարածքը, որտեղ իրագործվել է բարբարոսությունը, շրջափակման մեջ է սիրիական բանակի կողմից, ինչի հետևանքով այն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են կենդանի Ասադին աջակցելու համար: Սրա համար վճարվելիք գինը շատ բարձր է լինելու: Անհապաղ բացեք տարածքը մարդկանց բուժօգնություն տրամադրելու համար: Հերթական առանց պատճառի մարդասիրական ողբերգությունը: Զզվելի է»,-գրել էր 71-ամյա Թրամփը:


Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Թրամփի՝ Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի ու Ռուսաստանին ուղղված սպառնալից հայտարարությանը, նշել է, որ Թրամփի հիշատակած ամերիկյան հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների և ոչ թե դրանց դեմ տարիներ շարունակ պայքարող օրինական կառավարության ուղղությամբ:


Ինչպես նշում է ria.ru-ն, Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի «խելացի» հրթիռները, որոնց մասին խոսում է նախագահ Դոնալդ Թրամփը, կարող են ոչնչացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները:


«Խելացի» հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների, այլ ոչ թե սեփական տարածքում տարիներ շարունակ միջազգային ահաբեկչության դեմ պայքարող օրինական կառավարության ուղղությամբ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:


«Իսկ Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետներին նախազգուշացվե՞լ է, որ հիմա «խելացի» հրթիռները կվերացնեն քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները: Թե՞ այս ամենը մտածվել է նրա համար, որ «խելացի» հրթիռներով հարվածելու միջոցով արագ կոծկվեն սադրանքի հետքերն ու ՔԶԱԿ-ի մասնագետները փնտրելու ապացույցներ չունենան»,-հավելել է ԱԳՆ խոսնակը: