Այսօրվանից սիրիական Դումայում կգործի ռուսական ռազմական ոստիկանություն

10:45 • 12.04.18

Այսօրվանից Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանի Դումա քաղաքում կգործի ռուսական ռազմական ոստիկանություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը, գրում է РИА Новости գործակալությունը:

Նշվում է, որ ռուսական ռազմական ոստիկանության ուժերը քաղաքում կտեղակայվեն անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման ու բնակիչներին ուղղված օգնության կազմակերպման նպատակով:

Պոզնիխիրը նաև շեշտել է, որ Դումայի բնակիչներին մատակարարվում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ թե՛ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի, թե՛ ՄԱԿ-ի կողմից:

Հիշեցնենք, որ սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Դումա քաղաքի նկատմամբ, որը հանդիսանում էր Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում զինված գրոհայինների վերջին հենակետը։