Իրականում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը. Ադրբեջանի «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը չի ճանաչել ընտրությունների արդյունքները

13:18 • 12.04.18

Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը, որը բոյկոտել էր արտահերթ նախագահական ընտրությունները, հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, հայտնում է «Թուրան» գործակալությունը։

«Ապրիլի 11-ին կայացած ընտրությունները չեն անցկացվել Ադրբեջանի միջազգային պարտավորությունների և երկրի սահմանադրությանը համապատասխան: Դրանք չեն արտահայտում ադրբեջանցի ժողովրդի կամքը, օրինական չեն, և Ազգային խորհուրդը չի ճանաչում դրանց արդյունքները»,- ասված է խորհրդի հայտարարությունում:

«ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը նշել է, որ ընտրություններն անց են կացվել ազգային ընտրական օրենսդրության, միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ, հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակմամբ:

Նշվել է, որ երկրում ոչնչացվել են ընտրությունների ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ, և իրականում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը:

«Քվեարկության օրը կրկնվել են նախորդ ընտրությունների կեղծման մեթոդները, կազմակերպվել են «կարուսելներ», եղել են բազմակի քվեարկության դեպքեր, շատ տեղամասերում նկատվել են քվեաթերթիկների լցոնման փաստեր»,- ասված է հայտարարությունում:


Չորեքշաբթի անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը առաջատարն է։ Քվեաթերթիկների շուրջ 67 տոկոսի մշակման արդյունքում Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86.09 տոկոսը:


Ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997) Ռիչարդ Կաուզլարիխը և ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով օգնական և Freedom House միջազգային կազմակերպության նախկին ղեկավար Դևիդ Քրեմերը կոչ են արել Միացյալ Նահանգներին դատապարտել Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, այլ ոչ թե հաշտվել դրա հետ: Այդ մասին նրանք գրել են Foreign Policy-ում հրապարակված իրենց հոդվածում:


«Ընտրությունների նախաշեմին Ալիևի կառավարությունը շարունակել է մասշտաբային զորավարժությունները, և անգամ Երևանն անվանել Ադրբեջանի մաս՝ փորձելով քաղաքացիներին համախմբել դրոշի շուրջ»,- գրել են նրանք հոդվածում: