Այնպես չէ, որ ՀՀ-ն չունի քաղցկեղի վաղ հայտնաբերման պետական սկրինինգային ծրագիր, ավելին՝ 2021-ից պլանավորում ենք ընդլայնում. ԱՆ պաշտոնյա

23:27 • 12.04.18

Այնպես չէ, որ Հայաստանը չունի քաղցկեղի սկրինինգային պետական  ծրագրեր. արդեն 3 տարի է՝ Հայաստանում իրականացվում է արգանդի վզիկի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիր, որն իրականացնում է Առողջապահության նախարարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ հավելելով. «Ես ուրախությամբ պետք է փաստեմ, որ սկզբունքային որոշում է կայացվել ևս 3 տարով ծրագիրը երկարացնելու վերաբերյալ: Եվ ասեմ, որ առաջին արդյունքներն ունենք. այսինքն՝ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերելիությունը զրո, 1-ին, 2-րդ փուլերում ավելացել է մոտ 15 տոկոսով, ինչը շատ լավ ցուցանիշ է»:

Հիշեցնենք, որ  Tert.am-ի հետ զրույցում Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Վարդևանյանն անդրադառնալով  քաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման պրակտիկային` նշել էր, որ մահացությունների պատճառն այն է, որ դրանք հայտնաբերվում են ուշացած փուլերում: Եվրոպայում և զարգացած երկրներում,  օրինակ, կրծքի քաղցկեղի հայտնաբերելիությունը 70 տոկոս է՝ 0-ից 2-րդ փուլերում, այսինքն՝ 3-րդ և 4-րդ փուլերը չեն կազմում անգամ մեկ երրորդը: Իսկ  երկրներ կան, որ ուշացած դեպքերը 25 տոկոսից էլ քիչ են կազմում: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում  50 տոկոսից ավելին 3-րդ և 4-րդ փուլերի դեպքերն են:

Այս ամենը բժիշկ-ռադիոլոգը պայմանավորել էր  նրանով, որ Հայաստանում չկա ռիսկային (ըստ տարիքային խմբերի) պետական (անվճար) սկրինինգային ծրագրեր, որոնք կան հիվանդության վաղ հայտնաբերելիություն ունեցող այլ երկրներում: Ճապոնիայում, օրինակ, առկա է 6 սկրինինգային ծրագիր՝ ստամոքսի, կրծքագեղձի, արգանդի վզիկի, հաստ աղիքի, թոքի և շագանակագեղձի, իսկ հետխորհրդային երկրներից Ղրղզստանը, Բելառուսն էլ այս երկրներից ամենաշատ սկրինինգային ծրագրերն ունի:

Հիշեցնենք նաև, որ չնայած ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես հերքում է Հայաստանում քաղցկեղից մահացության վերաբերյալ անկախ փորձագետների ներկայացրած սարսափելի թվերը, ըստ որոնց, Հայաստանում քաղցկեղից մահացությունների թիվը գերազանցում է անգամ Զիմբաբվեի ցուցանիշը: ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանն օրերս ոչ պակաս սարսափելի վիճակագրություն ներկայացրեց, հայտնելով, որ  Հայաստանում  ուռուցքային հիվանդությունները մոտ 70 տոկոսով աճել են վերջին 20 տարում:  Իհարկե, նա նշել էր, որ այդ տենդենցն ամբողջ աշխարհում սիմետրիկ է:

Նույնը կրկնեց նաև Դավիթ Մելիք-Նուբարյանը և հավելեց, որ այս միտումը ողջ աշխարհում, բնականաբար, նաև Հայաստանում, էլի է աճելու մինչև 2030 թվականը:

Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների կանխատեսումն է:

Առողջապահության նախարարության պաշտոնյան տեղեկացրեց, որ մտածում են համապատասխան միջոցներ հայթայթել, որ 2021-ին Հայաստանում հաստ աղիքի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիր ունենան: Այսինքն՝ ըստ կանխատեսումների՝ ծրագրի ներդրման պարագայում հաստ աղիքի քաղցկեղից մահացությունը Հայաստանում կպակասի ևս 15 տոկոսով:

Ինչ վերաբերում է քաղցկեղի մյուս տեսակներին, ապա Դավիթ Մելիք-Նուբարյանը պարզաբանեց, որ Հայաստանում առաջատար է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը, որի կանխարգելման համար արդեն վաղուց նախատեսված է կանխարգելիչ այցի ծառայությունը:

«Կանխարգելիչ այցը նախատեսում է կրծքագեղձի հետազոտում և կնոջ ինքնազննման տեխնիկայի ուսուցում, ինչը ևս հնարավորություն է տալիս էականորեն բարելավել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ցուցանիշը Հայաստանում, որը, թեև, վատը չէ»,-ասաց մասնագետը:  

Նշենք, որ պետական սկրինինգային ծրագրերը, որպես կանոն, շատ թանկ հաճույք են, ոչ պաշտոնական զրույցում ոլորտի պատասխանատուներից նման խոստովանություններ են լինում:

Tert.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց  ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցից, ով այս առնչությամբ ասաց. «Թանկ հաճույք է, այո, թանկ է, բայց երբ խոսքը մարդու առողջությանն է վերաբերում, ապա կարծում եմ՝ չի կարող լինել ավելի թանկ բան, քան մարդու կյանքը:

Այլ մեկնաբանություններից նախկին նախարարը զերծ մնաց: