Էգեյան ծովում Հունաստանին պատկանող ռազմական ինքնաթիռ է կործանվել. լրատվամիջոցներ

16:31 • 12.04.18

Էգեյան ծովում Հունաստանին պատկանող ռազմական ինքնաթիռ է կործանվել, այս մասին գրում է en.protothema.gr կայքը:

Նշվում է, որ ինքնաթիռի հետ կապը կորել է հունական Սկիրոս կղզու հյուսիս-արևելյան հատվածի վրայով թռիչք իրականացնելու ժամանակ: Ըստ լրատվամիջոցների՝ ինքնաթիռն ընկել է ծովը, ներկա պահին լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում օդաչուին գտնելու ուղղությամբ: Հունաստանի պետական հեռուստաալիքը հայտնել է օդաչուի անհայտ կորած լինելու մասին:

CNN Türk-ի՝ հունաստանյան թղթակից Յորգո Քիրբաքին հայտնել է, որ տվյալ արշիպելագի տարածքում գտնվել է երկու հունական կործանիչ, որոնցից մեկը ծովն է ընկել հատուկ գործողության ժամանակ: Ինքնաթիռի մոդելը չի նշվում:

Հունական Proto Thema պարբերականը նշել է, որ կղզիների տարածքում գտնվող երկու հունական կործանիչները նպատակ ունեին չեզոքացնելու թուրքական ռազմական ինքնաթիռների սադրանքները կամ առաջխաղացումը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: