Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են չվճարված տույժ-տուգանքները. գործերը դատարանում են

14:44 • 12.04.18

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց չվճարված տույժ-տուգանքները, որոնք գոյացել են աշխատավարձերի ուշացման արդյունքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատող, խմբի համակարգող Անահիտ Մանուկյանը: Նա նշեց, որ ստորագրահավաք են իրականացնում, որ պարզեն, թե 2400 աշխատակիցներից քանիսը չեն ստացել տույժ-տուգանքները:

«Երբ մեր կառավարիչը եկավ գործարան, մեզ հետ պայմանագիր կնքեց, որ եթե աշխատավարձը 1 օր էլ ուշանա, մենք պետք է ստանայինք մեր աշխատավարձի 0.15 տոկոսը՝ որպես ուշացման տուգանք: Քանի որ մենք մեր աշխատավարձերը չստացանք, աշխատավարձերի հետ կուտակվեցին այդ տուգանքները, բայց տուգանքները չվճարեցին: Հիմա դատարան ենք տվել. մայր գումարը, այո, տրվել է, բայց տուգանքները, որ պետք է վճարեին այս ամիսների ընթացքում, չեն վճարել»,- ասաց նա:

Նաիրիտցիներն այսօր էլ Կառավարության դիմաց էին հավաքվել, սակայն նշեցին, որ իրենց պահանջներին որևէ մեկը չի արձագանքել:

«Որևէ արձագանք կառավարության կողմից չի եղել, ինքս մի քանի անգամ նամակով դիմել եմ վարչապետին: Ասել եմ՝ մեզ մի ընդունեք, բայց ընդունեք մեր մասնագետներին, խոսեք նրանց հետ: «Նաիրիտն» ունի մասնագետներ, որոնք կարող են ներկայացնել և փաստերով ապացուցել, որ ներդրումների պարագայում «Նաիրիտ» գործարանը կարող է աշխատել նաև շահույթով, սակայն պատասխան չի եղել»,- ընդգծեց Անահիտ Մանուկյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ իրենք դիմել են դատարան, ավելին՝ որոշները ՀՀ դատական ատյանները սպառելուց հետո որոշել են դիմել ՄԻԵԴ:

«Գործերը դատարան տրվել է 3 հոսքով՝ առաջին հոսքում եղել է 3 հոգի է, 2-րդ հոսքում՝ 18-19, 3-րդ հոսքում՝ 132 հոգի: Խոսքը բավականին մեծ գումարների մասին է»,- եզրափակեց Անահիտ Մանուկյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան