ԵԱՀԿ դիտորդները հայտնել են Ադրբեջանում ընտրությունների ժամանակ իրավունքների սահմանափակման մասին. լրագրողները փորձել են տապալել ասուլիսը (տեսանյութ)

16:14 • 12.04.18

ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ադրբեջանի Հանրապետությունում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Լրագրողներն ընդհատել են արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների մամուլի ասուլիսը:

Ադրբեջանական «Սես» գործակալության ղեկավար Բահրուզ Գուլիևն առաքելության հայտարարություններից հետո մեղադրել է դիտորդներին, որ եզրակացությունները նախապես են պատրաստվել: Այնուհետ վիճաբանություն է սկսվել:

Դիտորդները դադարեցրել են մամուլի ասուլիսը, բայց մի քանի րոպե անց վերադարձել են և շարունակել հայտարարել իրենց գնահատականները:

Բոլոր ընտրատեղամասերի տվյալների հաշվարկի արդյունքներով՝ Իլհամ Ալիևը հաղթանակ է տանում՝ հավաքելով ընտրողների ձայների 86,03 տոկոսը: 


Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը և «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը նշել է, որ ընտրություններն անց են կացվել ազգային ընտրական օրենսդրության, միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ, հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակմամբ: