Kuwait Airways-ը դադարեցրել է դեպի Լիբանան չվերթները՝ Սիրիայի վրա հնարավոր հարձակման վտանգի պատճառով
Kuwait Airways ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ չվերթները՝ Լիբանանի հարևան Սիրիայի վրա հնարավոր ավիահարձակման վտանգի պատճառով, հաղորդվում է ավիաընկերության Twitter-յան պաշտոնական էջում:
«Որոշում է կայացվել ապրիլի 12-ից սկսած դադարեցնել դեպի Բեյրութ չվերթները», - ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունում բացատրել են, որ նման որոշումը կապված է Կիպրոսի իշխանությունների զգուշացման հետ, որի համաձայն Լիբանանի օդային տարածքով թռչելը կարող է անվտանգ չլինել:
«Քուվեյթյան ավիաուղիները» հայցել է ուղևորների ներողամտությունն ու խոստացել անհապաղ տեղեկացնել իրավիճակի փոփոխության մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:
«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել էր Թրամփը սոցցանցում:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:










