Թրամփը մտադիր է շտկել Իրանի հետ միջուկային համաձայնագրի «ամենաաղաղակող սխալները». ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու

13:01 • 12.04.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շտկել Իրանի հետ միջուկային համաձայնագրի «ամենաաղաղակող սխալները»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մայք Պոմպեոն, հաղորդում է sputniknews.com-ը:

«Նախագահ Թրամփը պատրաստ է աշխատել մեր գործընկերների հետ Գործողությունների համապարփակ ծրագրի վերանայման ուղղությամբ՝ դրա ամենաաղաղակող սխալներն ուղղելու համար: Եթե ինձ հաստատեն պետքարտուղարի պաշտոնում, ինձ համար անհապաղ անձնական առաջնահերթություն կդառնա այդ գործընկերների հետ աշխատանքը՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է հասնել այդ շտկումներին»,- ասված է Կոնգրեսին ուղղված Պոմպեոյի գրավոր հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տունը:

Պոմպեոյի խոսքով՝ Իրանը «չափազանց քիչ է վճարել իր վտանգավոր պահվածքի համար»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ «միջուկային» փաստաթուղթը մեզ խանգարի գործել Իրանի կիբեռհարձակումների կամ Սաուդյան Արաբիայի և Սաուդյան Արաբիա մեկնող ամերիկացիների նկատմամբ հարձակումների համար հուսիթներին հրթիռներ մատակակարելու վերաբերյալ նրա գործողություններին: Սիրիայում, Իրաքում և Լիբանանում Իրանի գործողությունները սպառնում են Իսրայելի գոյությանը, իսկ «Հեզբոլլահ»-ը սպառնում է մեզ մեր երկրում»,- հայտարարել է Պոմպեոն: