Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է հարցվածների 60%-ը, Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը. Ա. Ադիբեկյան

13:12 • 13.04.18

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ ըստ իրենց հարցման արդյունքների՝ 45%-ը ներքին տնտեսական հարցերում հույսը կապում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ 35%-ը:

Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է 60%-ը, իսկ Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը:

«Սերժ Սարգսյանն այսպիսով ունենում է 95% «հզորություն», իսկ Կարեն Կարապետյանը՝ 55%»,-ասաց նա:

Ահարոն Ադիբեկյանն անդրադարձավ նաև ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին և նշեց, որ արտաքին քաղաքական հարցերում նրա հետ հույսեր կապում է հարցվածների 30%-ը, ներքին տնտեսական հարցերում՝ 5%-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ տնտեսական հարցերում հույսեր ունի հարցվածների 25%-ը, արտաքին հարցերում՝ 10%-ը:

Սոցիոլոգն ասաց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ հենք ունի, և նրա ղեկավարը հզոր դեմք է, ուստի Կարեն Կարապետյանն անդամակցել է այդ կուսակցությանը, որ այդ հենքից օգտվի:

Ահարոն Ադիբեկյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին և նշեց, որ դրանք անդրադարձ կունենան Հայաստանի վրա:

«Ռուսաստանի նման ճգնաժամային վիճակը չէր կանխատեսվում, և ամենամեծ հարվածն այն է, որ Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական նավթից, գազից: Ռուսաստանին ցանկանում են ցույց տալ իր տեղը աշխարհում: Այս առումով  մեզ պետք  է այնպիսի ղեկավար, ով կարող է ճկունություն, փորձառություն ունենալ, որ Հայաստանը քաղաքական օվկիանոսի մեջ չխորտակվի: Կարծում եմ, որ այդ նկատառումով են փորձում պահպանել Սերժ Սարգսյանի քաղաքական ֆունկցիաները»,-ասաց նա: 

Նա նշեց, որ այս տարիներին Կարեն Կարապետյանը, լինելով փոխվարչապետ, կստանա փորձառություն նաև արտաքին քաղաքականությունում:

«Եթե Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը մնացին գործադիրում, ՀՀԿ-ի հզորությունն ավելի է մեծանում, քանի որ մեկի հետ տնտեսական հույսեր են կապում, իսկ մյուսի հետ՝ արտաքին քաղաքականության: Այսպիսով՝ ՀՀԿ-ն հզոր ուժ կդառնա, և փողոցային անցուդարձը դժվար կարողանա նրա վարկանիշն իջեցնել: Սերժ Սարգսյանը՝ որպես արտաքին գործող դեմք, շատ պետք է, Կարեն Կարապետյանը՝ որպես տնտեսական հարցեր լուծող, ևս շատ պետք է, եթե նրանք ներդաշնակ կարողանան աշխատել՝ ամենալավ ընտրությունը կլինի»,-ասաց նա: