Սիրիական Դումայում շարունակվում է «Ջեյշ ալ Իսլամ»-ի գրոհայինների դուրսբերման գործընթացը
Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանի Դումա քաղաքում շարունակվում է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման գրոհայինների՝ դեպի Ջերաբլուս փոխադրման գործընթացը, գրում է սիրիական SANA գործակալությունը:
Հայտնի է, որ գործողությունն իրականացվում է «Կարմիր մահիկ»-ի սիրիական կազմակերպության աջակցությամբ: Նշվում է, որ երեկ Դումա են ժամանել զինյալներին սիրիական բանակի վերահսկողության տակ Ջերաբլուս տեղափոխելու պատրաստ ավտոբուսները:
Նշվում է, որ Ջերաբլուս տեղափոխվող գրոհայինները պետք է Դումայից դուրս գալուց առաջ բանակին հանձնեն ձեռքի տակ եղած բոլոր տեսակի զենքերը, իսկ քաղաքում մնալ ցանկացողները պետք է կարգավորեն իրենց կարգավիճակը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Դումա քաղաքի նկատմամբ, որը հանդիսանում էր Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում զինված գրոհայինների վերջին հենակետը։










