Երկրների հարաբերությունները չպետք է կախված լինեն նրանից, թե ինչ տրամադրությամբ կարթնանա որևէ մեկն օվկիանոսից այն կողմ. ռուս պաշտոնյա
Երկրների հարաբերությունները չպետք է կախված լինեն նրանից, թե ինչ տրամադրությամբ կարթնանա որևէ մեկն օվկիանոսից այն կողմ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Կրասնոյարսկի տնտեսական համաժողովի ժամանակ՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին շրջանի հայտարարությունները, հաղորդում է «РИА Новости»-ն:
«Ցանկացած գործընկերություն վստահություն է պահանջում, առանց դրա անհնար է առաջ շարժվել: Իսկ մենք չենք կարող կախված լինել նրանից, թե ինչ տրամադրությամբ կարթնանա որևէ մեկն օվկիանոսից այն կողմ և նրանից՝ ինչ գաղափար կծագի կոնկրետ մարդու գլխում հաջորդ առավոտյան, մենք չենք կարող այդպիսի ռիսկեր վերցնել մեզ վրա: Սա հենց եվրոպական բիզնեսին ուղղված հարց է: Եվրոպան միացել է նախորդ պատժամիջոցներին: Եվ ի՞նչ: Գոնե մի բան շահե՞լ է դրանից… Շատ բան է կորցրել», - ասել է Դվորկովիչը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար վաղ առավոտյան կարևոր թեմաներով գրառումներ ու մեկնաբանություններ է անում թվիթերյան իր էջում: Մասնավորապես՝ չորեքշաբթի նա գրել էր Սիրիայի տարածքին հասցվելիք հրթիռային հարվածի մասին, ինչպես նաև սպառնացել էր Ռուսաստանին՝ կոչ անելով պատրաստվել ամերիկյան հզոր ու «խելացի» հրթիռների գալուն:
Այս գրառումը բուռն արձագանք և ռուբլու անկում է առաջացրել ռուսական շուկայում: Հաջորդ առավոտյան Թրամփը գրել է, որ «դա կարող է տեղի ունենալ շատ շուտով և ոչ այնքան շուտ»: Նոր գրառումը նույնպես ազդել է շուկայի վրա, այս անգամ՝ դրական:










