«Լռության ձայնը. խոսում են կեսարացի հայերը». Թուրքիայում «Հրանտ Դինք» հիմնադրամը նոր գիրք է հրատարակել (լուսանկար)
Թուրքիայում «Հրանտ Դինք» հիմնադրամը հրատարակել է «Լռության ձայնը. խոսում են կեսարացի հայերը» գիրքը: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից:
Ըստ գրքում տեղ գտած տվյալների՝ Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում 1927 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ Կեսարիայում (ժամանակակից թուրքական անվանումը Կայսերի -tert.am) պաշտոնապես գրանցված է եղել 1978 հայ: Ծպտյալ և իսլամացված հայերի թիվն այս տվյալների մեջ չի ներառվել:
Արդեն 1932թ. այդ թիվը նվազել է մինչև 1600, իսկ 1960-ին դարձել 800: Ներկայում Կեսարիայում հայ քրիստոնյա ընտանիքներ չեն մնացել, ծպտյալ կամ իսլամացված կեսարացիների թիվը կրկին հասանելի չէ լայն զանգվածներին:
Հայտնի է, որ հիմնականում 1950-ականներին դեպի Ստամբուլ արտագաղթած կեսարացի հայերի մեծ մասն այստեղ հաստատվել է նախ Սամաթիա թաղամասում, իսկ հետո տարածվել նաև դեպի Ստամբուլի Շիշլի, Բեյօղլու, Բաքըրքյոյ, Սկյութար և այլ շրջաններ:
Գրքում ընդգրկված են Թուրքիայում ապրել շարունակած արևմտահայության` ցեղասպանության ու դրա հաղթահարման վերաբերյալ ընտանեկան պատմություններն ու Թուրքիայի հայության՝ սեփական էթնիկ ու կրոնական ինքնության վերաբերյալ ունեցած ընկալումների ու դրանց դրսևորման շուրջ զրույցներ:











