«Նա հավատարմության երդում էր պահանջում». ՀԴԲ նախկին ղեկավարը Թրամփին մաֆիայի պարագլխի հետ է համեմատել

15:23 • 13.04.18

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Քոմին գիրք է գրել, որում քննադատել է ամիսներ առաջ իրեն ազդեցիկ պաշտոնից հեռացրած նախագահ Դոնալդ Թրամփին:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Ավելի մեծ հավատարմություն» (A Higher Loyalty) գրքում հեղինակը 71-ամյա ղեկավարին անվանել է «ոչ նրբանկատ» ու նրա նախագահությունը համեմատել «անտառային հրդեհի» հետ: Բացի այդ, Քոմին Թրամփին համեմատել է մաֆիայի պարագլխի հետ:

«Մեր երկիրը թանկ է վճարում 2016թ. նախագահական ընտրությունների համար: Այս նախագահն անդաստիարակ է ու անտարբեր ճշմարտության, հիմնարար արժեքների նկատմամբ: Նրա իշխանությունն առաջնորդվում է սեփական «ես»-ով ու իր անձի նկատմամբ մյուսների հավատարմության աստիճանով»,-գրել է Քոմին:

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը Քոմիին պաշտոնից հեռացրել էր նախորդ տարի՝ չկարողանալով ստիպել ՀԴԲ-ի այն ժամանակվա ղեկավարին փակել իր նախընտրական շտաբի ու Ռուսաստանի միջև գաղտնի կապի շուրջ տարվող հետաքննությունը:

Իր գրքում հեղինակը վերհիշել է 2017թ. Trump Tower-ում նախագահի հետ հանդիպումը:

«Նա ավելի կարճահասակ էր, քան երևում էր հեռուստացույցով: Նրա դեմքը նարնջագույն երանգ ուներ, իսկ աչքերի շուրջ սպիտակավուն շրջանակներ էին: Մազերին ավելի ուշադիր նայելուց հետո, հասկացա, որ դրանք բնական են: Այդ պահին մտքովս անցավ, թե Թրամփն ամեն առավոտ որքան ժամանակ է ծախսում դրանք հարդարելու համար»,-գրում է Քոմին:

Խոսելով հանդիպումից ստացած տպավորության մասին՝ ՀԴԲ-ի նախկին ղեկավարը նկատել է, որ թվում էր, թե «Թրամփը բոլորին ուզում է մի ընտանիքի անդամ դարձնել»:

«Դա կարող է խելահեղ հնչել, սակայն հանկարծ հասկացա, որ նորընտիր նախագահը փորձում էր բոլորիս մի ընտանիքի մաս դարձնել: Դա նման էր մաֆիայի պարագլխի պահվածքին: Նա նման էր ամեն ինչ իր վերահսկողության տակ պահող պարագլխի՝ հավատարմության երդումներ, «մենք ընդդեմ նրանց» աշխարհայացք»,- ավելի քան 300 էջանոց գրքում գրել է հեղինակը:

Բացի այդ, Քոմին վերհիշել է 2017թ. Սպիտակ տանը Թրամփի հետ ընթրիքը, որի ժամանակ նախագահը ՀԴԲ ղեկավարին ասել է՝ «Ինձ հավատարմություն է պետք»:

«Իմ կարծիքով՝ այդ պահանջը նման էր «Կոզա Նոստրա»-ից Սեմի Ցուլի (մաֆիայի պարագլուխ-Tert.am) «թագադրման» արարողությանը»,-գրել է Քոմին:

 

«Նա հավատարմության երդում էր պահանջում». ՀԴԲ նախկին ղեկավարը Թրամփին մաֆիայի պարագլխի հետ է համեմատել