Փարիզը նախապես չի հայտարարի Սիրիայի ուղղությամբ հարվածի մասին, եթե նման որոշում կայացվի. ֆրանսիացի պաշտոնյա
Փարիզը նախապես չի հայտարարի Սիրիայի ուղղությամբ հարվածի մասին, եթե նման որոշում կայացվի: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով պետական քարտուղար Քրիստոֆ Կաստաները:
«Եթե որոշում կայացվի հարվածների մասին, ես ձեզ չեմ ասի: Եվ հանրապետության նախագահը ձեզ չի ասի: Նա (Էմանուել Մակրոնը) դա կքննարկի վարչապետի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ»,- ասել է Կաստաները BFMTV հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու մասին նախապես հայտարարելը վտանգի տակ կդնի գործողությունը:
«Եթե ստեղծվեն հարվածներ հասցնելու համար պայմաններ, դրանք կհասցվեն: Ազգային ժողովը և Սենատը կտեղեկացվեն անհրաժեշտ պահին: Բայց կարևոր է, որ դա լինի գաղտնի, որովհետև հարցը Ֆրանսիայի շահերի պաշտպանության մասին է»,- նշել է Կաստաները:










