ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը հայտարարել է Սիրիայում սպանված «մի քանի հարյուր ռուսի» մասին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն պատմել է վերջերս Սիրիայում զոհված «մի քանի հարյուր ռուսների» մասին՝ հաստատելով ավելի վաղ հայտնված հաղորդագրությունները, հաղորդում է AFP գործակալությունը:
«Մի քանի շաբաթ առաջ Սիրիայում ռուսները բախվել են արժանի հակառակորդի, և մի քանի հարյուր զոհ են ունեցել»,- հայտարարել է Պոմպեոն ԱՄՆ Սենատում՝ պետքարտուղարի պաշտոնին նրա նշանակմանը նվիրված լսումների ժամանակ:
Պոմպեոն այլ մանրամասներ չի հայտնել, բայց լրատվամիջոցներն ավելի վաղ, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էին, որ փետրվարին Դեր Զորում մոտ 200 ռուսաստանցի վարձկան է զոհվել:
Ռուսաստանը խոստովանել էր այդ ժամանակ իր հինգ քաղաքացու մահվան մասին, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան օդային օգնության էր դիմել՝ սիրիական ուժերի հարձակումը հետ մղելու համար:










