Ամերիկյան ռազմական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի ափերի մոտ. Mil Radar
Ութ ամերիկյան ռազմական ինքնաթիռներ հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի ափերի մոտ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները, այդ թվում՝ «Հմեյմիմ»-ը։ Այս մասին Twitter-ի միջոցով տեղեկացրել է Mil Radar մոնիթորինգյան ռեսուրսը, որը հետևում է ամերիկյան ռազմական ավիացիայի ակտիվությանը:
Ըստ աղբյուրի՝ Միջերկրական ծովի արևելյան հատված ուղղված բոլոր թռիչքներն իրականացվել են Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Սիգանելլո ավիաբազայի տարածքից: Յոթ թռիչքի դեպքում օգտագործվել է P-8A Poseidon տեսակի պարեկային հականավային ինքնաթիռ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 24 թռչող սարք հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտ:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին՝ գրելով. «Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են»: Հաջորդ օրը Թրամփը բացատրել է իր թվիթերյան գրառումը՝ նշելով, որ «Դա կարող է տեղի ունենալ շատ շուտով և ոչ այնքան շուտ»:










