Տավուշում ականի պայթյունից 3 մարդ է վիրավորվել, նրանք վիրահատվել են
15:42
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետևանքով բնակիչներն ստացել են վնասվածքներ։
Բնակիչներից մեկն ստացել է ականապայթյունային վիրավորում՝ աջ բազկի ստորին երրորդի տրավմատիկ ամպուտացիա, մարմնի աջ և ձախ կեսերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ մյուս երկուսը՝ ականապայթյունային վիրավորում՝ ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
--------------------------------------------------------
Ապրիլի 12-ին Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել է «Այգեձորի առողջության կենտրոն»:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին կենտրոնից:
«Մենք առաջին օգնությունն ենք ցուցաբերել, նրանք տեղափոխվել են Բերդ: Նրանց առողջական վիճակի մասին ոչինչ չեմ կարող ասել»,- ասացին «Այգեձորի առողջության կենտրոնից»:
3 քաղաքացիներից մեկը ստացել է նախաբազկի, մյուսը՝ կրնկի և երրորդը՝ ոտնաթաթի վնասվածք։
Բերդի զինվորական հոսպիտալի պետ, վիրահատող բժիշկ Էդուարդ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 3 քաղաքացիներն էլ վիրահատվել են: «Նրանց վիճակը բավարար կայուն է»,-հայտնեց նա:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քաղաքացիները Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է:










