Այս ագրեսիան չի թուլացնի սիրիացի ժողովրդին. Բաշար ալ Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունից հետո հայտարարել է, որ դա ավելի համախմբեց սիրիացի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում:
Ինչպես նշում է Reuters-ը, Ասադն այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Սիրիայի ղեկավարն ընդգծել է, որ այս հարվածից հետո Սիրիան վճռական է երկրի տարածքի ամեն մի անկյունում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում:
Ռոհանին, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը կշարունակի կանգնած մնալ Սիրիայի կողքին: Նա նաև վստահություն է հայտնել առ այն, որ այս ագրեսիան չի թուլացնի սիրիացի ժողովրդի՝ ահաբեկչության դեմ պայքար տանելու վճռականությունը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահի վարչակազմը երկրին ուղղված Արևմուտքի հարվածներից հետո տեսանյութ է հրապարակել, որում երկրի նախագահ Բաշար ալ Ասադը գտնվում է Դամասկոսում նախագահական պալատում։
Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է՝ ինչպես է Սիրիայի նախագահը մտնում շենք ու քայլում միջանցքով։
Օրերս մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Ասադն ու իր ընտանիքն ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների հնարավոր հարվածների ֆոնին տեղափոխվել են Թեհրան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին: Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։










