«Ռազմական հարվածն անհրաժեշտություն էր». Գերմանիան աջակցություն է հայտնել Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի գործողություններին

14:28 • 14.04.18

Բեռլինը ողջունել է Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի գործողությունները։  Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։


«Մենք ողջունում ենք, որ մեր ամերիկացի, բրիտանացի և ֆրանսիացի դաշնակիցները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, նման ձևով ստանձնեցին պատասխանատվությունը։ Ռազմական հարվածն անհրաժեշտություն էր՝ քիմիական զենքի կիրառման միջազգային բոյկոտի արդյունավետությանն աջակցելու և հետագայում նման խախտումներից սիրիական ռեժիմին հետ պահելու համար»,- ասվում է կանցլերի հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին: Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։


Հայտնի է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։


ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։


Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական  B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին: