Հրապարակվել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարվածներից հետո սիրիական հետազոտական ռազմական կենտրոնի լուսանկարն ու տեսանյութը
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի հարվածներից հետո սիրիական Բարզեում գտնվող հետազոտական ռազմական կենտրոնի լուսանկարը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-5.10-ը, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Սիրիային այս գիշեր հասցված հարվածներն անհետևանք չեն մնա, Սիրիային ուղղված հրթիռային հարվածների պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է։










