ՆԱՏՕ-ն Սիրիայի հարցով շտապ նիստ է հրավիրել
Հյուսիսատլանտյան դաշինքն ապրիլի 14-ին Բրյուսելում շտապ նիստ է հրավիրել՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի դեսպանների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվի անցած գիշեր այդ երեք երկրների կողմից Սիրիայի օբյեկտներին հասցված հարվածների հարցը։ Այդ մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
Նիստը կհեռարձակվի ՆԱՏՕ-ի կայքում՝ անգլերեն և ֆրանսերեն։ Դեսպանների հետ հանդիպումից հետո կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիս կտա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին: Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։










