ՔԶԱԿ-ի փորձագետները Սիրիայում անցկացվող հետաքննության մասին զեկույցը կներկայացնեն 30 օրվա ընթացքում

18:38 • 14.04.18

Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները կշարունակեն սիրիական Դումա քաղաքի ենթադրյալ քիմիական հարձակման հետաքննությունն՝ անկախ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ուժերի հասցրած ավիահարվածներից: 

Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին ասվում է ՔԶԱԿ-ի հայտարարության մեջ: Բացի այդ, կազմակերպությունը շեշտել է, որ «չի կարող և չի տարածի որևէ տեղեկություն` ընթացքի մեջ գտնվող հետաքննությունից»:

Որպես այս որոշման հիմնավորում նշվում է հետաքննության և դրա արդյունքների «ամբողջականությունը», ինչպես նաև ներգրավված փորձագետների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ ՔԶԱԿ-ի փորձագետները Սիրիա են ժամանել անցյալ հինգշաբթի: Փորձագետների խմբում ընդգրկված են քիմիկոսներ, բժիշկներ, ինչպես նաև սպառազինման հարցերով մասնագետներ:

Նշվում է, որ հետաքննության մասնակիցներն իրենց զեկույցը ՔԶԱԿ-ի գործադիր հանձնաժողովին կներկայացնեն 30 օրվա ընթացքում: