Սիրիայի հրթիռակոծությունից հետո Ֆրանսիան հրապարակել է Դումայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ զեկույցը
Ֆրանսիայի իշխանությունները հրապարակել են զեկույց, որում ներառված են Սիրիայի կառավարության կողմից ապրիլի սկզբին Դումա բնակավայրում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ապացույցները:
Ինչպես նշում է Reuters-ը, փաստաթուղթը կազմվել է ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից ականատեսների հարցաքննության, ենթադրյալ քիմհարձակման դեպքի վայրում արված լուսանկարների ու տեսանյութերի ուսումնասիրման արդյունքում: Ի վերջո, նրանք հանգել են այն եզրակացությանը, որ քիմիական հարձակումն իրոք տեղի է ունեցել և որ դրա պատասխանատվությունը կրում է Սիրիայի կառավարությունը:
Զեկույցում նշվում է, որ Սիրիայի կառավարությունը, հավանաբար, ունի քիմիական զենքի որոշ պաշարներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սիրիական զորքերը սկսել են Արևելյան Ղուտա շրջանում գտնվող Դումայի ազատագրման գործողությունը: Ավելի ուշ արևմտյան լրատվամիջոցները տարածել են, որ Դումայի վրա քլորին գազով ռումբ է նետվել ու օգտագործվել է նյարդապարալիտիկ գազ:
Սակայն Սիրիայի կառավարությունը հերքել է քիմիական զենքի կիրառման բոլոր մեղադրանքները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրյալ քիմհարձակման համար մեղադրել Է Սիրիային ու դրա դաշնակիցներին՝ այդ թվում նաև Ռուսաստանին: Մեղադրանքին հաջորդել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը, ինչն արվել է ենթադրյալ քիմհարձակմանն ի պատասխան:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։










