ՌԴ ՊՆ-ն հայտնել է՝ քանի և ինչ հրթիռներով է հրթիռակոծվել Սիրիայի տարածքը

13:01 • 14.04.18

Արևմուտքի երկրները Սիրիայի ուղղությամբ արձակել են 103 հրթիռ, այդ թվում՝ «Տոմահավկ» թևավոր հրթիռներ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը։


«Առկա տեղեկության համաձայն՝ կիրառվել է 103 թևավոր հրթիռ, այդ թվում՝ «Տոմահավկ» հրթիռներ, ինչպես նաև В-1В ինքնաթիռներից GBU-38 կառավարվող ավիառումբեր։ F-15, F-16 ինքնաթիռները կիրառել են «օդ-երկիր» դասի հրթիռներ։ Բրիտանական ռազմաօդային ուժերի «Տորնադո» ինքնաթիռներից արձակվել է Scalp EG 8 հրթիռ»,- ասել է նա։


Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։


ՌԴ ՊՆ-ն հաղորդել է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։


Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական  B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։


ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։


Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: