Սիրիան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռները ոչնչացրել է ԽՍՀՄ-ում արտադրված համակարգերով. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսից արևելք գտնվող սիրիական Դումեյրի ռազմական աերոդրոմի ուղղությամբ արձակվել է 12 հրթիռ, որոնք բոլորն էլ ոչնչացվել են հին խորհրդային զենիթահրթիռային համակարգերով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հրթիռային հարվածները կանխելու համար գործի են դրվել սիրիական հակաօդային պաշտպանության С-125, С-200, «Բուկ», «Կվադրատ» համակարգերը։ Այս համակարգերն արտադրվել են ավելի քան 30 տարի առաջ Խորհրդային Միությունում»,- հայտնել է նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ ՌԴ ՀՕՊ ստորաբաժանումները Սիրիայում չեն կիրառվել հրթիռային հարվածները «որսալու» համար։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-5.10-ը, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։










