Ելիսեյան պալատը հրապարակել է Սիրիային հարված հասցնելու նպատակով ֆրանսիական կործանիչների օդ բարձրանալու տեսանյութը
Ֆրանսիայի նախագահի գրասենյակն ապրիլի 14-ին Twitter-ում հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են ֆրանսիական բազմաթիրախային «Ռաֆալ» կործանիչներն օդ բարձրանում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիային հարված հասցնելու մասին հայտարարությունից հետո:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեսանյութից պարզ չէ, թե որտեղից են կործանիչներն օդ բարձրանում՝ ավիակրից, ռազմաբազայից, թե ցամաքից:
Ելիսեյան պալատը տեսանյութի վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել:
Պարբերականը մանրամասնում է, որ տեսանյութը հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի հետ Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց:
Մինչդեռ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ Ֆրանսիան չի մասնակցել Սիրիայի դեմ հարձակմանը:
Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան ասել է, որ նկատվել են միայն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կործանիչներից ու ավիակիրներից հարվածները:
««Հմեյմիմ» և «Տարտուս» ռազմաբազաներում հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը ճիշտ ժամանակին ֆիքսել են ու վերահսկել Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի կողմից հրթիռների արձակումը: Ֆրանսիական օդուժի հայտարարած մասնակցությունը չի արձանագրվել»,-հայտարարել է Ռուդսկոյը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին: Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին:










