Ռուսաստանը Սիրիային ուղղված հարվածից հետո ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է հրավիրում
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Սիրիային հասցված հարվածներին արդեն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների օգնությամբ հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ։ Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ ինքնիշխան պետության դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-5.10-ը, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Սիրիային այս գիշեր հասցված հարվածներն անհետևանք չեն մնա, Սիրիային ուղղված հրթիռային հարվածների պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է։










