Հայտնի է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի անցկացման ժամը

17:05 • 14.04.18

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երևանյան ժամանակով ժամը 19:00-ին կանցկացնի հատուկ նիստ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հարվածելու հարցով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ այս հարցի շուրջ նիստ անցկացնելու առաջարկով է հանդես եկել Ռուսաստանը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան խոստացել է ՄԱԿ-ի ԱԽ-ում  ներկայացնել Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների անօրինական լինելն ապացուցող փաստեր:

Մինչդեռ ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ ավելի վաղ սիրիական Դումա բնակավայրում իրականացված քիմիական հարձակմանն ի պատասխան արված հարվածը հիմնված է քիմհարձակման վերաբերյալ առկա ստույգ փաստերի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին:

Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։ 

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական  B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։