Կին տրանսգենդերի են դանակահարել. նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ

13:59 • 15.04.18

Կին տրանսգենդերի են դանակահարել: Tert.am-ին այս մասին հայտնեց «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը՝ նշելով, որ դեպքի հետ կապված իրենց էլ են ահազանգել:

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝  ժամը 3-4-ի հատվածում: Ես՝ որպես տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար, կարող եմ ասել, որ վերջին շրջանում խտրականությունն ահավոր շատացել է հայ հասարակության կողմից տրանսգենդերների նկատմամբ: Այս վերջին դեպքն էլ դրա վառ ապացույցն է»,- ասաց նա:

Տուժածը հիմա, ըստ Լիլիթ Մարտիրոսյանի, «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Նրա առողջական վիճակի մասին դեռևս հստակ տեղեկատվություն չկա: «Հիվանդանոց չեմ գնացել, դեռ պատրաստ չեմ ասել, թե ինչ վիճակում է  կինը»,- ասաց նա:

Դեպքի հետ կապված այլ տեղեկատվության Լիլիթ Մարտիրոսյանը չի տիրապետում: ՀԿ նախագահն ասաց, որ տեղյակ է, որ ոստիկանությունն է զբաղվում դրանով, ընթանում է դեպքի հետ կապված հետաքննություն: