Ասադը Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնումը 400 միլիարդ դոլար է գնահատել

16:56 • 15.04.18

Պատերազմի հետևանքով ոչնչացված Սիրիայի տնտեսությունը վերականգնելու համար կպահանջվի 10-15 տարի և առնվազն 400 միլիարդ դոլարի ներդրում: Այդ մասին ռուսական պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Կարևոր թեմա է ենթակառուցվածքների վերականգնումը, դա կարժենա առնվազն 400 միլիարդ դոլար, դրա համար կպահանջվի 10-15 տարի»,- ասել է Սիրիայի նախագահը Սիրիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինի հետ հանդիպմանը:

Սիրիայի նախագահը հավելել է, որ «չի սպասում արևմտյան նավթագազային ընկերություններին երկրում աշխատելու համար»:

«Մենք այստեղ չենք սպասում արևմտյան ընկերություններին, հատկապես՝ նավթագազային ոլորտում: Ես խոսել եմ այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում, մենք ցանկանում ենք, որ այստեղ աշխատեն ռուսական ընկերությունները»,- ասել է Ասադը:

Նա նաև խոստացել է անձամբ աջակցել Ռուսաստանի հետ համագործակցության նախագծերին:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լույս ապրիլի 14-ին Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։


Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական  B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։