Իտալիայում տան գնորդը բազմոցի վրա հայտնաբերել է մի տարի առաջ մահացած տանտիրոջ դին
Իտալիայի հյուսիսում՝ Վալլե Դել Պազուբիո բնակավայրում, աճուրդի հանված անշարժ գույքի գնորդը տունը նայելու ժամանակ հայտնաբերել է տանտիրոջ մումիֆիկացված դին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ տունը վաճառքի է հանվել հիփոթեքային և կոմունալ ծառայությունների վճարումների դադարից հետո: Աճուրդը պետք է կայանար ապրիլի 24-ին՝ 27 հազար եվրո մեկնարկային գնով:
Նշվում է, որ օրեր առաջ պոտենցիալ գնորդներից մեկը դատական մարմինների ներկայացուցիչների հետ գնացել է տունը նայելու: Տանը նրանք հայտնաբերել են բազմոցին նստած մումիֆիկացված դին, ինչից հետո դիմել են իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Նշվում է, որ սա նախկին տանտիրոջ՝ 42-ամյա Վալտեր Դալ Դզոտոյի դին էր. նա մահացել է անցած ամռանը: Դալ Դզոտոն միայնակ ու քիչ շփվող մարդ էր: Տղամարդը մենակ էր ապրում մոր մահից հետո: Նրա հայրն ու եղբայրը բնակվում են հարևան քաղաքում, սակայն նա կապ չի պահպանել նրանց հետ:
Դալ Դզոտոն կորցրել է աշխատանքն ու շուտով դադարել վճարել իր հաշիվները, ինչի հետևանքով անջատել են նաև տան էլեկտրամատակարարումը, այնուհետև տունը վաճառքի է հանվել:










