Շվեյցարական լաբորատորիան պատասխանել է «Սկրիպալի գործում» BZ քիմիական նյութի մասին Լավրովի խոսքերին
Բրիտանական Պորտոն-Դաունի լաբորատորիայի փորձագետների եզրակացություններն այն մասին, որ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային, թունավորել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով, «կասկած չեն հարուցում»: Այդ մասին ասված է շվեյցարական Շպիցի քիմիական լաբորատորիայի տարածած հաղորդագրությունում, հաղորդում է rbc.ru-ն:
«Միայն Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը կարող է մեկնաբանել այդ հայտարարությունը, բայց մենք կարող ենք կրկնել այն, ինչ ասել ենք տասը օր առաջ. մենք կասկած չունենք, որ Պորտոն-Դաունը նույնականացրել է «Նովիչոկ»-ը: Նրանց աշխատանքի չափանիշներն այնքան խիստ են, որ իրենց եզրակացությունները կասկած չեն հարուցում»,- ասված է շվեյցարական լաբորատորիայի հայտարարությունում:
Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաշվի չի առել «Սկրիպալի գործն» ուսումնասիրած շվեյցարացի փորձագետների եզրակացությունները: Նրա խոսքով՝ փորձագետները նշաններ են հայտնաբերել, որոնք վկայում են, որ թունավորման համար կարող է օգտագործված լինել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կիրառվող BZ նյութը:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:
Նշենք, որ Յուլյա Սկրիպալն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ նրա հոր առողջական վիճակն աստիճանաբար բարելավվում է։










