Սիրիայի հրթիռակոծության համար պատասխանատու են «պատերազմի շները». Մադուրո

13:31 • 15.04.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ Սիրիայի ուղղությամբ իրականացված հարձակումն անվանել է հանցավոր գործողություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ասում ենք, որ այդ հարձակումը հանցավոր գործողություն է Սիրիայի ժողովրդի դեմ՝ խուճապ և ահաբեկչություն առաջացնելու համար, երկրի գիտական կենտրոնները ոչնչացնելու համար»,- հայտարարել է Մադուրոն պետական հեռուստաընկերության եթերում:

Նրա կարծիքով՝ Սիրիայի հրթիռակոծության համար պատասխանատու են «պատերազմի շները», որոնց հարկավոր է զենք և ռազմական գործողություններ՝ «զոհերի հաշվին հարստանալու համար:

«Ես ինձ հարցնում եմ՝ ի՞նչ է արժեցել այդ հրթիռակոծումը, ո՞վ է վճարել Սիրիայի ժողովրդին հրթիռակոծելու համար»,- ասել է Մադուրոն:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լույս ապրիլի 14-ին Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։