Ռոհինջա փախստականների առաջին ներկայացուցիչները վերադարձել են Մյանմա
Մյանմայի կառավարությունն ապրիլի 15-ին տեղեկացրել է ռոհինջա մահմեդական փոքրամասնության ներկայացուցիչներից առաջին ընտանիքի՝ հայրենիք վերադառնալու մասին:
Ինչպես հայտնում է DW.com-ը, տարածված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ վերադարձած ընտանիքը կազմված է ամուսնական զույգից և նրանց երեք երեխայից՝ երկու աղջիկ և մեկ տղա: Այժմ նրանք գտնվում են Ռաքհայն նահանգի հայրենադարձների ճամբարում:
Նախկինում ՄԱԿ-ը բազմիցս մեղադրել էր Մյանմային ռոհինջա մուսուլմանների նկատմամբ «էթնիկական զտումներ» իրականացնելու մեջ:
Ներկայում քննարկվող սուր հարցերից մեկը ռոհինջա ներկայացուցիչներին Մյանմայի քաղաքացիության վերադարձն է: Նրանց այսպես կոչված՝ ազգային հաստատման քարտեր են տրամադրում, որոնք սակայն լիարժեք իրավական փաստաթղթեր չեն:
Հակամարտությունը Մյանմայի զինված ուժերի և Ռաքհայն նահանգում բնակվող ռոհինջա ազգաբնակչության միջև սրվել էր 2017-ի օգոստոսին, ինչի հետևանքով շուրջ 700 հազար ռոհինջա մահմեդական փախել էին հարևան Բանգլադեշ:










