«Նովիչոկ»-ի ստեղծողներից մեկը հայտնել է, թե ինչով կարող էին թունավորած լինել Սկրիպալներին
Անգլիական Սոլսբերիում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը վկայում է այն մասին, որ թունավորման համար չի օգտագործվել «Նովիչոկ» նյութը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է «Նովիչոկ» քիմիական զենքի ստեղծողներից Լեոնիդ Ռինկը:
Ավելի վաղ կազմակերպության փորձագետները ներկայացրել են իրենց զեկույցը: Նրանք գտել են, որ Սկրիպալների դեմ մահափորձի ժամանակ օգտագործվել է բարձր մաքրության թունավոր քիմիական նյութ:
«Քիմիական զենքի արգելման կազմակերպության տվյալները, համաձայն որոնց՝ օգտագործվել է բարձր մաքրության թունավոր քիմիական նյութ, ապացուցում են, որ դա «Նովիչոկ» չի եղել: Եթե Սկրիպալների տան դռան բռնակի վրա բրիտանացիների հայտնաբերած դոնդողանման նյութի մեջ լիներ «Նովիչոկ», Սկրիպալները դռնից 50 մետր հեռու էլ չէին կարողանա գնալ: Նրանք այդտեղ էլ կմահանային: Ավելին, «Նովիչոկ»-ը բարդ նյարդապարալիտիկ նյութ է, որը բաղկացած է տարբեր կերպ քայքայվող մեծ քանակությամբ տարբեր բաղադրիչների և հավելումների խառնուրդից: Եթե հայտնաբերվել է ինչ-որ մաքուր նյութ, դա արդեն «Նովիչոկ» չէ»,- ասել է Ռինկը:
Նրա խոսքով՝ եթե Սկրիպալների թունավորման համար օգտագործված լիներ «Նովիչոկ», կազմակերպության մասնագետները կհայտնաբերեին տարբեր բաղադրիչներ, որոնք ժամանակի ընթացքում քայքայվում են ոչ թունավոր բաղադրիչների:
Փորձագետի կարծիքով՝ Սկրիպալներին հնարավոր է թունավորած լինեն այլ նյութով՝ ֆենտանիլով: Այդ միջոցը Մեծ Բրիտանիայում օգտագործվում է թմրանյութերի պատրաստման ժամանակ, իսկ Ռուսաստանում նախկինում կիրառվել է բանակի համար ցավազրկող միջոցների, ինչպես նաև ուժային կառույցների համար հատուկ միջոցների արտադրության ժամանակ:










