Սաուդյան Արաբիայի թագավորը Եմենի տարածքից հրթիռակոծության համար մեղադրել է Իրանին

17:50 • 15.04.18

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդն Իրանին է մեղադրել Եմենի տարածքից թագավորության ուղղությամբ արձակվող բալիստիկ հրթիռների համար: Այդ մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում ունեցած ելույթում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սաուդացի միապետն իր ելույթի ընթացքում նշել է, որ «Եմենում շարունակվող ճգնաժամի և Եմենի ժողովրդի տանջանքների ամբողջ պատասխանատվությունը իրանամետ «Անսա Ալլա» շարժման վրա է»:

«Եմենի տարածքից արձակվող հրթիռները պատրաստվում են Իրանում»,- հայտարարել է նա:

Եմենում պատերազմող Էր Ռիադի գլխավորած ռազմական կոալիցիան մարտի վերջին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Եմենից արձակված յոթ հրթիռ է որսացել, որոնցից երեքն ուղղված էին Էր Ռիադին:

Եմենում 2014 թվականից զինված հակամարտություն է ընթանում, որին մի կողմից մասնակցում են «Անսար Ալլա» շարժման հուսիթ ապստամբները, մյուս կողմից՝ կառավարական զորքերը և նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիին հավատարիմ աշխարհազորայինները: Վերջիններիս աջակցություն է տրամադրում արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: